ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Աստված է որոշել, որ մենք այստեղ ենք, Եվրոպայի կենտրոնում, բոլոր ճանապարհների խաչմերուկում»

«Աստված է որոշել, որ մենք այստեղ ենք, Եվրոպայի կենտրոնում, բոլոր ճանապարհների խաչմերուկում»
08.11.2015 | 21:22

Արդեն 11 ամիս ԵԱՏՄ անդամ ենք և պարզապես անհարմար է, որ հայկական մամուլը անտարբերության մատնեց Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությունը՝ նոյեմբերի 6-ին Բելառուսի Անկախության պալատում՝ առաջին անգամ: Հոկտեմբերին Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ ընտրվեց Բելառուսի նախագահ ու երդվեց, Բելառուսի Հանրապետության նախագահի վկայագիրը նրան հանձնվեց հազար հրավիրյալների ներկայությամբ՝ երկրի բարձրագույն պաշտոնյաները, խորհրդարանի երկու պալատների պատգամավորները, դիվանագետներ, արտասահմանյան հյուրեր վկաներն էին այդ արարողության: Հայաստանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեկ ժամ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ ունեցավ, հետո արարողությունը շարունակվեց Բելառուսի Հանրապետության Պետական դրոշի անվան հրապարակում, որտեղ նրան երդում տվեց բանակը: Վերջում, ինչպես ընդունված է, համերգ և բանկետ:
Իսկ ի՞նչ էր ասում Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ու աշխարհին: Մի ժամ շարունակ: Ասում էր, որ հուզված է, որ հպարտ է իր համախմբված հասարակության համար, ազատ Բելառուսի միլիոնավոր քաղաքացիների: Ասում էր, որ ընտրարշավի ընթացքում ժողովուրդը հերթական անգամ ամբողջ աշխարհին ցույց տվեց իր բարձր քաղաքական կուլտուրան ու միասնականությունը արտաքին մարտահրավերների առաջ, դատողությունների անկախությունը: Լուկաշենկոն հայտարարում էր, որ անցյալում չհաջողվեց բելառուսներին մասնատել, չհաջողվեց հիմա ու չի հաջողվելու երբեք: Ո՞Ւմ էր ասում: Հպարտանում էր, որ բազում դիտորդները կարողացան համոզվել, որ ամբողջ ընտրարշավը անցավ հանգիստ, օրենսդրության շրջանակներում, բոլոր թեկնածուներն ունեին քարոզչության լայն հնարավորություններ: Նա շնորհակալություն էր հայտնում հայրենակիցներին, որ իրեն աջակցեցին, ընդգծում էր, որ իր հաղթանակը բացարձակապես իր անձնական հաջողությունը չէ, այլ՝ համազգային հաղթանակ: ՈՒ ամբողջ ժողովուրդն է հպարտանում ինքն իր հաղթանակով՝ տեսնելով ինչ է կատարվում շուրջբոլորը, ժողովուրդը հանգիստ գնաց ընտրատեղամաս ու ցույց տվեց՝ ով է տան տերը, ու հիմա ինքը հպարտ է ծառայել այդ ժողովրդին: Լուկաշենկոն երկար խոսում էր ժողովրդի միակամության ու ներքին համախմբվածության մասին, որ երկու տասնամյակ դրսևորվում է: Հետո խոսում էր ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ նորից երկար ու հանգամանալից: Ասաց, որ միասին ստեղծել են կենսունակ, կայուն զարգացող պետություն՝ կառուցել են բնակարաններ, հիվանդանոցներ, մշակույթի տներ, մարզասրահներ, ճանապարհներ, արդյունաբերական ձեռնարկություններն են նորացրել, որ այս հնգամյակում արդեն արդյունքներ կտան: Լիքը խոսեց ժողովրդի սպասելիքների մասին: Ասաց, որ գաղափարները շատ են, բայց պետք է ընտրել մեկը: Քննադատեց բարենորոգումները, որ առաջարկվում են Բելառուսին՝ քանդել քաղաքական կառուցվածքը, բաժանել ժողովրդի ունեցվածքը, ասաց, այդ բարենորոգումների համար աշխարհում պատրաստ են բարձր գին տալ: ՈՒ՝ հարցրեց՝ պե՞տք են մեզ այդպիսի բարենորոգումներ: Ասաց՝ մեր եղբայր Ռուսաստանն ու մեր եղբայր ՈՒկրաինան արել են այդ բարենորոգումները: ՈՒ՝ ի՞նչ: ՈՒ սկսեց պատմել՝ ինչ հրաշալի է կյանքը Բելառուսում: Սկսեց նորածիններից մինչև ծերունիներ ու հանգուցյալներ: Առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն՝ ամեն ինչի մասին պատմեց, ու եզրակացրեց, որ Բելառուսին բարենորոգումներ պետք չեն՝ ես չեմ բաժանի այն, ինչ դարերով կուտակել է ժողովուրդը: Սլավոնական ժողովուրդների համար դա միշտ ողբերգությամբ է ավարտվում, եթե ոչ հեղափոխությամբ, քաղաքացիական պատերազմով: ՈՒ հիշեցրեց, որ հինգ տարի, քանի դեռ ինքը նախագահ է, ոչ մի բարեփոխում չի լինելու: ՈՒ նորից սկսեց գովաբանել Բելառուսը: Բայց ասաց, որ երկրում կան մի քանի քաղաքական գործիչներ, որ ուզում են ներքին խառնակություն հարուցել, նրանց մերժում է ոչ միայն ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այլև շատ քիչ մարդիկ, որ չեն կիսում իշխանության ռազմավարությունը, այսինքն՝ նրանց մերժում են անգամ իրենց կողմնակիցները: Չասաց, սպառնաց՝ «Ընտրությունները հերթական անգամ ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ իշխանության ուժային զավթումը «գունավոր հեղափոխությունների» ու «հրապարակների» ճանապարհով ձախողված է: Դա երբեք չի լինի»: ՈՒ թեև ամեն ինչ հրաշալի է, բայց Լուկաշենկոն ասաց, որ մասշտաբային փոփոխություններ են պետք տնտեսության մեջ՝ տեխնոլոգիական, կառավարման ու ինովացիոն: Ներդրումներ կգան երկիր: Արտահանումը պիտի մեծանա, սպառման նոր շուկաներ ստեղծվեն: Բարձր զարգացած տնտեսությունը կլինի Բելառուսի անկախության երաշխավորը: ՈՒղենիշը կլինի կենսամակարդակի բարձրացումը:
Լուկաշենկոն սահուն անցավ արտաքին աշխարհին, ասաց, որ Բելառուսը խաղաղասեր ու բարյացակամ երկիր է՝ առանց ֆանտաստիկ ամբիցիաների և պարզ ու հասկանալի ցանկություն ունի՝ հանգիստ ու երջանիկ կյանք ունենալ իր տանը, համագործակցել բոլոր հարևանների հետ, որոնց առաջ երբեք խնդիրներ չի հարուցել, բարեկամ է եղել բոլորին՝ բաց սրտով ու հացը, ոչ թե քարը ձեռքին նրանց հետ շփվելով: Լուկաշենկոն ասաց, որ Բելառուսը կշարունակի եղբայր Ռուսաստանի հետ դաշնային պետության ստեղծումը, եթե Ռուսաստանը ցանկանա: Սերտ համագործակցություն կզարգացնի ԵԱՏՄ շրջանակներում՝ անխախտ պաշտպանելով սեփական շահերը: Բելառուսը ակտիվ խաղացող կլինի հետխորհրդային տարածքում: Դա ոչ միայն բարեկեցության երաշխիք է, այլև պաշտպանություն տարբեր մարտահրավերներից: Հիշեց նաև ՀԱՊԿ-ը, ու ասաց, որ խաղաղությունն ու անվտանգությունը բացարձակ արժեք են: Առանձին շնորհակալություն հայտնեց Մեծ Չինաստանին ու իր բարեկամ Սի Ձինպինին՝ արդյունավետ համագործակցության ու արարողությանը մեծ պատվիրակություն ուղարկելու համար, ասաց՝ երեք օր համատեղ աշխատել ենք բոլոր ուղղություններով: Ասաց՝ համագործակցում ենք Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Շեշտեց, որ Բելառուսը բաց է Արևմուտքի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ իրավահավասար համագործակցության ու բարեկամության համար ու ոչ մի խոչընդոտ չկա անցյալի էջը շրջելու ու նոր պատմություն սկսելու համար մաքուր էջից: Լավ հեռանկարներ կան: «Ոմանք տեսնելով կամ լսելով, որ մենք բանակցում ենք ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ, սկսել են մինչև Վլադիվոստոկ ճչալ, որ Լուկաշենկոն ինչ-որ տեղ է շրջվում: Հենց տեսնում են մեր եղբայրական, ջերմ հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի, մեր հարազատ ՈՒկրաինայի, հետխորհրդային մյուս երկրների հետ, կատաղում են Արևմուտքում: Հերիք է մեզ կտոր-կտոր անեք: Թողեք հանգիստ ապրենք մեր մի կտոր հողում: Մենք կապահովենք ձեր շահերը՝ և Արևելքի և Արևմուտքի: Ինչ ուզում եք, Բելառուսը կանի: Բայց կտոր-կտոր մի արեք մեզ, մի կռվացրեք Ռուսաստանի հետ: Ռուսաստանում մի կռվացրեք, Արևելքում Արևմուտքի հետ: Մենք ոչ մի տեղ չենք շրջվում, մենք ուզում ենք ապրել մեր հողի վրա: Մենք ուզում ենք, որ բելառուսների կենսական կարևոր շահերը լինեն այս մի կտոր հողի վրա: Մենք ուրիշ հավակնություններ չունենք: Մենք նույնիսկ կենսական շահեր չունենք հարևան պետություններում: Մենք խաղաղ ու հանգիստ կյանք ենք ուզում: Բայց երբ մեզ Արևմուտքից ակնարկում են՝ Ռուսաստանից հեռու մնացեք, ես միշտ ասում եմ՝ մենք չենք կարող Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Ղազախստանից հեռու մնալ, որովհետև նույն ընտանիքում ենք ծնվել: Աստված է այդպես որոշել: Ինչպե՞ս կապներս կտրենք: Այո, մենք սեփական տեսակետ ունենք: Սեփական շահեր, ու մի անգամ չէ, որ ցույց ենք տվել: Բայց եթե մեզ Արևելքում Արևմուտքի դեմ լարեն ու ուրախանան մեր դեմ պատժամիջոցներով, ոչինչ չեն ստանա: Մենք նորմալացնելու ենք մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, որովհետև նրանք մեր հարևաններն են: Մենք տնտեսական շահեր ունենք: Արտահանման 42 տոկոսը Ռուսաստանի հետ է, 50 տոկոսը՝ ԵՄ-ի: Ինչպե՞ս հրաժարվենք: Ինչո՞ւ այս բարդ ու դժվար ժամանակներում մեզ այդ ճանապարհից ուզում են դուրս մղել, մեր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից: Ինչո՞ւ, եթե այստեղ է մնացել միակ միջանցքը, որտեղ հանգիստ տեղավորվում են և Արևմուտքը, և Արևելքը: Սա է իմ պատասխանը նրանց, ովքեր ուզում են մեզ թշնամի դարձնել Ռուսաստանին ու Արևմուտքին: Գուցե դա մեր դժբախտությունն է, գուցե ճակատագիրը՝ չգիտեմ: Աստված է որոշել, որ մենք այստեղ ենք, Եվրոպայի կենտրոնում, բոլոր ճանապարհների խաչմերուկում»: Շարունակությունը՝ նույն ոգով: Եզրակացությունը՝ մեզ պիտի այնպես պահենք, որ աշխարհի եռացող կաթսայում մեզ չուտեն: Մեր ապագան՝ նախ և առաջ մեր ձեռքերում է: Հետո՝ մի քիչ ինքնափառաբանություն՝ ես սովորական մարդ եմ, ձեր կողքին ու ձեզ համար, և այլն, և այլն: Եվ, իհարկե, բուռն, երկարատև ծափահարություններ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամբողջ մեկժամանոց ելույթում, որտեղ քանիցս հիշատակված են մայր Ռուսիան ու հարազատ ՈՒկրաինան, մի քանի անգամ Ղազախստանը, Բելառուսի նախագահը ոչ ԵԱՏՄ-ն, ոչ ՀԱՊԿ-ը հիշատակելիս չի հիշում, որ կա այդ կառույցների անդամ Հայաստանը, որ Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկ է նաև Հայաստանը, որ ընդհանրապես հետխորհրդային տարածքում կանք մենք: Նա անվերջ հայտարարում է, որ Բելառուսն ազատ, անկախ ու ինքնուրույն պետություն է, ու ազատ, անկախ, ինքնուրույն՝ «բազմավեկտոր» ռևերանսներ է անում Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Չինաստանին: Այսպիսին է այսօր Բելառուսը ու այդպիսին է Բելառուսի հինգերորդ անգամ վերընտրված, առաջին ու միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ